Վարչապետը և նրա ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից, իսկ ՀՀ օրենքը սահմանում է, որ պետական պահպանությունն իրականացվում է, այդ թվում, տրանսպորտային միջոցների կիրառումով:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե կառավարությունը միջոցներ է հատկացրել իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին, ավտոմեքենա գնելու համար:
«Դա նույնն է թե ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ են ձեռք բերվել, զրահաբաճկոններ են ձեռք բերվել, ռադիոկապ է ձեռք բերվել: Այդ մեքենան ձեռք է բերվել օրենքով սահմանված պարտադիր գործառույթը իրականացնելու համար: Այսօրվա օրենքով՝ մենք այդ գործառույթից հրաժարվելու իրավունք չունենք»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ պետական պահպանություն տակ գտնվող անձին պահպանում են զինված և հատուկ միջոցներ ունեցող մարդիկ, մետրոյով և տրանսպորտով երթևեկելու դեպքում դա հնարավոր չի լինի:
«Եթե իմ ընտանիքի անդամները որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, դա չի նշանակում, որ մեքենան իմ ընտանիքի անդամի համար է գնված: Մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անվտանգությունը: Օրենքով է սահմանված, որ այդ մարդիկ պետք է ունենան տրանսպորտային միջոց»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա պետական պահպանության ենթակա անձի քմահաճույքը չէ, այլ նրա առջև դրվող օրենքի պահանջ:





