AM
11 Ապրիլ 2023 - 09:12 AMT

ԱԺ-ում քննարկում են ՄԻՊ ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցը։ Թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, որին առաջադրել է իշխող կուսակցությունը։

Թեկնածուին ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ Մանասյանն իր «հարուստ աշխատանքային փորձն ու բարձր որակավորումը կծառայեցնի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը»։

Մանասյանն իր խոսքում ասել է, որ իր առաջնային նպատակն այս պաշտոնում հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումն է:

«Մարդու իրավունքների պաշտպանն ընդդիմադիր կամ քաղաքական գործիչ չէ: Ես իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող ամբողջ խոսույթը կառուցելու եմ այդ գաղափարի շուրջ»,- ասել է Մանասյանը:

Պատասխանելով այն հարցին, որ Քրիստինե Գրիգորյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հեռացավ պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, հնարավո՞ր է ինքն էլ հեռանա՝ Մանասնյանն ասել է, որ ՄԻՊ-ն իր համար պաշտոն չէ, այլ առաքելություն։

«Հանձնառու եմ փորձել ամեն ինչ անել՝ այդ առաքելությունը մինչև վերջ հասցնելու համար»,-ասել է նա։

34-ամյա Մանասյանն իրավաբան է, վերջին 4 ամիսն աշխատել է գլխավոր դատախազությունում, ավելի վաղ՝ Սահմանադրական դատարանում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելէվ Անահիտ Մանասյանին, ասել է, որ ԱԺ ամբիոնից վերջին 4 տարում ամենածայրահեղ արտահայտություններն են հնչել Սահմանադրական դատարանի հասցեին, որոնցից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Օրինակ՝ ՍԴ-ն ամենավարկաբեկված ինստիտուտներից է։ Փաշինյանն է ասել։ Դուք, տիկին Մանասյան, եղել եք ՍԴ նախագահի խորհրդական, ավագ խորհրդական։ Դուք աշխատել եք ՀՀ ամենավարկաբեկվա՞ծ ինստիտուտներից մեկում»,-հարցրել է Մանուկյանը։

Մանասյանը պատասխանել է, որ իր սկզբունքն է՝ քաղաքական հայտարարություններ չմեկնաբանելը։ Նա հավելել է, որ որպես հանրային պաշտոնյա և ՍԴ-ում աշխատած անձ, կոռեկտ չի համարում պետական այլ հաստատությունների վերաբերյալ տեսակետ հնչեցնելը։

Ընդդիմությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել էր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի թեկնածությունը, սակայն նար թեկնածությունը մերժվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում։