Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդհատել է այցը Բրյուսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան»,-ասվում է գրառման մեջ։
Ապրիլի 10-ից Բրյուսելում գտնվող Պապիկյանն այցելել էր ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի էր ունեցել ՊՆ ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել էր ԵԴՈւԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի ուղեկցությամբ:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։





