AM
12 Ապրիլ 2023 - 08:52 AMT

«Հրապարակ»․ Քոչարյանն առաջարկել է կրկին 6 ամսով երկարաձգել պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նաև «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկել է մեկ անգամ ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը և նման նախագիծ է դրել շրջանառության մեջ, գրում է «Հրապարակը»։

«ԱԺ քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել և ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»,- նշված է հիմնավորման մեջ։

2022-ի փետրվարի սկզբներին ձևավորված հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ երկարաձգվել է հոկտեմբերին։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, 6 ամիս է, որը կարող է 2 անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ երկարաձգվել, մինչև վեցական ամսով: Այսինքն, սա վերջին անգամ է, որ ժամկետը երկարաձգվում է` այլևս նման իրավունք չի լինի»: