ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի։ ԱԺ-ն հավանություն է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը՝ բոլորը կողմ են քվեարկել։
Այսպիսով, Ազգային ժողովը համաձայնություն է տվել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:
Միջնորդությունը խորհրդարանը քննարկել էր ապրիլի 11-ի նիստում: Սահակյանը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։
Մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։





