Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Sputnik Արմենիան։
«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ամսաթվի մասին կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես կհամաձայնեցվի և կկարողանանք հրապարակել այդ տեղեկությունը»,- ասել Է Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել էր, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։
«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։





