Կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,–ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր հրապարակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը։Նա նաև ասել էր, որ կհրապարակվի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի։





