AM
3 Դեկտեմբեր 2025 - 12:44 AMT

Գալյան․ ՀՀ–ում քաղբանտարկյալներ չկան, դատարաններն անկախ են

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Նա ընդգծել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ միջազգային չափանիշների մասին է խոսքը, երբ նման պնդումներ են հնչում, գրում է «Փաստինֆոն»։

«Միանշանակ, խոսք չի գնում այն անձանց մասին, երբ իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար քաղբանտարկյալ է։ Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան և սա ասում եմ հենվելով ձեր կողմից վկայակոչվող միջազգային չափանիշների վրա»,– ասել է Գալյանը։

Նա չի ցանկացել մեկնաբանել լրագրողների հարցադրումը, թե արդյոք քաղաքական չէ որոշումը «մեր ձևով» կամ այլ արտահայտությունների համար մարդկանց ամիսներով կալանավորելը, հայտնում է Sputnik Արմենիան։

Գալյանը նշել է, որ արդարադատության նախարարությունը զուտ խափանման միջոցի կատարողն է։

Նախարարը չի համաձայնել լրագրողների դիտարկմանը, թե ընտրովի արդարադատություն է գործում, ինչպես, օրինակ, թե Վաղարշապատի, թե Գյումրու քաղաքապետները մեղադրվում են ենթադրյալ կառուպցիայի համար, սակայն մի դեպքում կալանք է կիրառված, մյուս դեպքում՝ ոչ։

«Դատարաններն անկախ են, յուրաքանչյուր դատարանն ինքն է որոշում, թե ինչ խափանման միջոց ընտրել։ Պատմության էջերը որ թերթենք, չե՞նք գտնի ՔՊ-ականներ, որոնք կալանավորվել են, հետո դատապարտվել։ Ես կողմ եմ, որ միատեսակ մոտեցում լինի մեր երկրում և կողմ եմ մեր երկրում կանխատեսելի արդարադատության չափանիշների սահմանմանը։ Այս ուղղությամբ էլ ենք որպես նախարարություն քայլեր ձեռնարկում, բայց այդ միասնական չափանիշներին կհետևե՞ն դատարանները, թե՞ չեն հետևի, ես չունեմ դրա պատասխանը»,- նշել է նախարարը։

Նա հավելել է, որ գերատեսչական շահով պայմանավորված ցանկանում է՝ մեր երկրում հնարավորինս քիչ մարդիկ կալանավորվեն։

Գալյանը նաև նշել է, որ խնդիր է տեսնում, որ կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում, միաժամանակ բացառում է, թե դատավորները քաղաքական նպատակներով են իրենց գործառույթներն իրականացնում։