AM
9 Դեկտեմբեր 2025 - 11:01 AMT

Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Aysor.am-ը։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,-ասել են ՔԿ-ից։

Ավելի ուշ «Դալմա Գարդեն մոլից» նշել են, որ դեպքն իրենց տարածքում չի եղել, ինչի մասին տեղեկություններ էին տարածվում ավելի վաղ։ Այդ մասին հայտնել է կենտրոնի փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը, գրում է NEWS.am-ը։

«Դալմայի» թիմի անունից դատապարտում ենք բռնությունը և ցավում ենք կատարվածի համար։ Միջադեպը մեր առևտրի կենտրոնում չի եղել»,– ասել է Չաքարյանը։

Միհրան Հակոբյանը դեռ հիվանդանոցում է։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ նրա դեմքին որոշ վնասվածքներ կան, այդ թվում՝ քթի հատվածում կոտրվածք կա։