AM
12 Դեկտեմբեր 2025 - 06:33 AMT

Փաշինյան. Պետք է փոխշահավետ համագործակցություն կառուցել ԵԱՏՄ բոլոր անդամների միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ընդլայնված նիստում ունեցած ելույթում նշել է, որ պետք է փոխշահավետ համագործակցություն կառուցել ԵԱՏՄ բոլոր անդամների միջև։

Նա նշել է, որ ՀՀ–ն կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը՝ այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն, հայտնում է Արմենպրեսը։

«Ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է ԵԱՏՄ մրցունակության բարձրացմանը՝ մեր երկրների համար բացելով տնտեսական աճի նոր հնարավորություններ։ Տնտեսական համագործակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ է նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտը։

Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար:

Այս համատեքստում, կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ, և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։

Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է»,–ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը կարևոր նախապայման է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար հավասար և կանխատեսելի պայմաններ ապահովելու գործում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է հետևողականորեն շարժվել դեպի բոլոր կողմերի արդյունավետ փոխազդեցությունը, թափանցիկությունը և շահերի հավասարակշռությունն ապահովող լիարժեք գործունակ ընդհանուր շուկաների ստեղծումը։

«Միևնույն ժամանակ, առանձնահատուկ կարևորություն է ստանում ԵԱՏՄ անդամ պետությունների համար ներքին մատակարարումը երրորդ երկրներ արտահանմանը գերադասելը և այս սկզբունքի իրականացման միասնական մոտեցումներ մշակելը։

Համաշխարհային պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական համակարգերի կայունությունն առանձնահատուկ կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար։

Կոնկրետ արդյունքների հասնելն ուղղակիորեն կախված է համաձայնեցված գործնական միջոցառումների իրականացումից, ներառյալ՝ նորարարությունների համակարգված ներդրումը, թվային վերափոխումը, ինչպես նաև համատեղ արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիոն նախագծերի համար արդյունավետ ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծումն ու մշակումը։

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի իրականացման համատեքստում կարծում ենք, որ նպատակահարմար է հետագա փուլերում կենտրոնանալ թվային լուծումների հետևողական ներդրման վրա՝ ապահովելով անդամ-պետությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիական մոտեցումների համատեղելիությունը։ Սա կնպաստի էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը և թվային միջավայրի կայուն զարգացմանը։

Թվայնացման շրջանակներում կարևորում ենք տարբեր, այդ թվում՝ մաքսային և տրանսպորտային ոլորտների թվային վերափոխմանը նպաստող նախաձեռնությունների իրականացումը»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ կիբերանվտանգության ոլորտում առաջնահերթություն պետք է տրվի տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծմանը, կարևորագույն ենթակառուցվածքների դիմադրողականության բարձրացմանը և կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների և մեթոդաբանությունների մշակմանը։

Նիստի ավարտին անդամ երկրների կառավարությունների ղեկավարները վավերացրել են ընդունված որոշումների արձանագրությունները։