AM
12 Դեկտեմբեր 2025 - 06:49 AMT

Նախարար․ 2026–ին աշխատավարձից ընդամենը 300 դրամ կպահվի առողջության ապահովագրության համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրել է այն մեխանիզմը, որով 2026-ից 200,001-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց համար գործելու է առողջության ապահովագրության վճարման նոր համակարգը։

Ըստ նրա՝ աշխատավարձից պահվելու է ընդամենը 300 դրամ՝ ներկայացնելով, թե ինչ սխեմա է գործելու։ «Եթե ձեր աշխատավարձը, հարկերը հետը, ժողովրդի լեզվով ասած՝ կեղտոտ աշխատավարձը, կազմում է 200,001-ից 500,000 դրամ, ապա ապահովագրավճարը 10,800 դրամ է։ Բայց 2026 թվականի համար պետությունն այդ 10,800 դրամից 6000 դրամը վճարելու է պետբյուջեից։

10,800 դրամից հանում ենք 6000 դրամ, ստանում ենք, որ ձեր ամսական ապահովագրավճարը կազմելու է 4800 դրամ։ Այդ 4800 դրամը ձեր գործատուն, հարկային գործակալը, պետք է վճարի առողջության ապահովագրության համար, բայց կա 4500 դրամ զինապահի դրոշմանիշային գումարը, որը 5500-ից նվազեցվել է մինչև 1000 դրամ, ուստի՝ մնացած այդ 4500 դրամը գործատուն ուղղելու է առողջության ապահովագրությանը։ Տակը մնում է ընդամենը 300 դրամ։ Այսինքն, ձեր աշխատավարձից վճարվելու է առողջության ապահովագրության համար ընդամենը 300 դրամ»,–ասել է նախարարը։

Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում: Այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի առողջապահական բոլոր կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական արդյունքների ապահովմանը: