AM
24 Դեկտեմբեր 2025 - 06:19 AMT

Աբրահամյան. Բաքվում պահվող գերիները նաև կտտանքների են ենթարկվում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Բավքվում պահվող հայ գերիների առողջական վիճակին, նշել է, որ գերիները նաև կտտանքների են ենթարկվում:

«Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանը:

Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:

Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանից ԿԽՄԿ–ի հեռանալուց հետո ոչ մի անկախ միջազգային կառույց կամ կազմակերպություն չի այցելում հայ գերիներին, նրանց առողջական վիճակի մասին հավաստի տեղեկություններ չկան։