Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում ասել է՝ ակնկալում է, որ դեկտեմբերի 28–ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելիք պատարագին կաթողիկոսի անունը չի հնչի։
«Այստեղ էլ իմ ակնկալիքն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ, նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով»,- ասել է Փաշինյանը։
Նա ասել է նաև, որ իրեն երբեմն հարցնում են, որ այլ եկեղեցիներում պատարագի մասնակցելիս արդյոք պատեհ է բողոք հայտնել, երբ հնչում է կաթողիկոսի անունը։ Վարչապետն ասել է, որ դա միանգամայն ընդունելի է համարում։
Վերջին շրջանում այն քահանաները, որոնք պատարագ են մատուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ զեղչում են կաթողիկոսի անունը։ Վարչապետը չի ժխտել, որ պատարագից առաջ ԱԱԾ–ի աշխատակիցը կամ որևէ այլ անձ կարող է հորդորել քահանային զեղչել կաթոիկոսի անունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել սուրբ պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին:





