AM
29 Դեկտեմբեր 2025 - 06:54 AMT

ԱԳ նախարար․ Խաղաղությունը հաստատված է, բայց կան հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, բայց չի նշանակում, որ ամբողջ ճանապարհն անցել ենք։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ կողմերին հաջողվել է կարգավորել զգալի թվով հարցեր, սակայն որոշ առանցքային թեմաների շուրջ դեռևս փոխըմբռնում ձեռք չի բերվել, առկա խնդիրները ենթակա են հասցեագրման։

«Կան կարևոր հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա, պետք է շարունակենք աշխատանքը»,-ասել է Միրզոյանը։

Նա նաև ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի լրամշակման կարիք չկա՝ այն համաձայնեցվել է 2025–ի մարտին և վավերացվել օգոստոսին։

«Հիմա պետք է պայմանավորվել ստորագրման վայրի և ժամանակի մասին։ Առայժմ պայմանավորվածություն չկա»,- ասել է Միրզոյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։