Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասուլիսում հայտնել է, որ հունվարի առաջին տասնօրյակում՝ հատկապես հունվարի 3-4-ին երկիրը լինելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում՝ օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով:
Նրա խոսքով, հունվարի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանն ամենաշատը կնվազի երկու մարզում՝ Շիրակում և Գեղարքունիքում, որտեղ կգրանցվի մինչև -25… -30 աստիճանի, իսկ Երևանում հունվարի առաջին տասնօրյակում՝ գիշերային ժամերին, կանխատեսվում է -15… -17 աստիճան ցուրտ, հայտնում է Panorama.am-ը։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 8-9-ը ներառյալ:
Իսկ ընդհանուր առմամաբ՝ հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում, սպասում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար:
Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից, հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակին առաջին տասնօրյակի համեմատությամբ զգալի կբարձրանա: Այսինքն՝ հունվարի առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը, ջերմաստիճանը 1-2 աստիճանով կլինի նորմայից ցածր, բայց հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով:
«Թվաբանական միջին արժեքով ստացվում է, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով»,-ասել է Սուրենյանը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, ամփոփելով տարին, նշել է, որ 2025 թ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8.1 աստիճան, որը նորմայից բարձր է 1 աստիճանով, տեղումների քանակը 422 մմ, որը կազմում է նորմայի 81%-ը։
Նրա խոսքով 2025 թվականի մարտ ամիսը 6-րդ տաք մարտն է եղել՝ 1935 թվականից սկսած դիտարկումների ընթացքում։





