Քննարկման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով կփոփոխվի կառավարության անդամների երդման տեքստը: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։
Հիմնավորման մեջ նշվել է, որ առաջարկվող փոփոխության արդյունքում երդման տեքստում ավելի հստակ կարտացոլվեն պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները, գրում է Արմենպրեսը:
Նախագծով առաջարկվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ։
Առաջարկվող տարբերակով լիազորություններն ստանձնած կառավարության անդամները կտան հետևյալ երդումը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների։»
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է, որ կառավարության անդամների տված երդումն ավելի ամբողջական ձևով կարտացոլի պաշտոնը ստանձնելու հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում դրված հիմնարար արժեքները։
Փաստաթղթով նախատեսվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։





