Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Իրանի նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության հետ հնդիպմանը քննարկել է երկրների միջև սահմանահատման թողունակության բարձրացման հարցերը:
Զրուցակիցները քննարկել են սահմանային անցակետի արդիականացման հարցերը, որոնք անմիջականորեն խթանելու են առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։
Գրիգորյանը կառավարության անունից վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ առավել զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընթացքին։
ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ նախագահի տեղակալը, որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք ընդգծել են հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը, կարևորել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։





