Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է՝ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար կգտնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ հարցը պետք է լուծվի։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով լուծել, բայց նաև դե յուրե կարող է հարց ծագել, որ որոշումներ կայացնենք, ու եթե անհամաձայնություններ կան, կգնանք, արբիտրաժում կքննարկենք»,- շեշտել է վարչապետը, գրում է Radar Armenia-ն:
Նա հավելել է, որ բաներ կան, որոնք, Հայաստանում, հնարավոր է, 30 տարի անվճար են եղել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձավճար կարող է ուզեն, հայտնում է Factor.am-ը:
«Եվ էլի եմ ասում՝ հիմա շատ քննարկում են, փորձում են ինչ-որ բաներ… Հայաստանի ընդդիմությունը, իմիջիայլոց, «կալուգացի օլիգարխի» միջոցով ասում են՝ «այս կթանկանա, այն կթանկանա»… Հայաստանում էլ բաներ կան, որ անվճարը կարող է պարզվի, որ թանկանում է։ Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել։ Ասել՝ կա՛մ տարեկան 2 միլիարդ վարձավճար ուզեք, կա՛մ էլ…։
Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա, չկա․․․
Իմիջիայլոց, արբիտրաժի մասին հիշում եք՝ այստեղ ինչ խոսակցություններ էին տեղի ունենում, որ արբիտրաժը… ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը, «կալուգացին» արբիտրաժում հաղթել է…Երբ որ այս շենքում պարզվեց՝ իրենք մարդ ունեին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում հաղթեցինք։ Բա ասում եք՝ կոռուպցիա, բայց կոռուպցիա չի՞»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը:





