AM
26 Փետրվար 2010 - 16:27 AMT

Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականը պետք է որքան հնարավոր է շատ միավորներ հավաքի խմբում

Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է,որ հավաքականը դեռեւս շատ անելիք ունի:

«Հավաքականը պետք է առավել կայուն խաղա: Հատկապես երիտասարդական հավաքականում մենք լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնցից 5-6 կհամալրեն ազգային հավաքականն արդեն սեպտեմբերին»,-ասել է Մինասյանը:

Գլխավոր մարզիչը չի նշել երիտասարդ ֆուտբոլիստների անունները, սակայն հավելել է, որ հավաքականին մրցակցություն է հարկավոր եւ խաղալու պրակտիկա: «Մենք մտադիր ենք ամեն ամիս ուսումնամարզական հավաք անցկացնել Երեւանում: Հավաքներից բացի, մենք ընկերական հանդիպումներ կունենանք տեղական ակումբների կամ երիտասարդական հավաքականի հետ: Քանի որ լեգիոներները չեն կարողանա ամեն ամիս Հայաստան գալ, ապա այդ խաղերին կմասնակցեն միայն հայկական ակումբների ֆուտբոլիստները»,-ասել է գլխավոր մարզիչը:

Մինասյանը նշել է, որ հավաքականի ռազմավարությունը յուրաքանչյուր խաղում պետք է տարբեր լինի, եւ Եվրոպա-2012 առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը պետք է որքան հնարավոր է շատ միավորներ հավաքի: