Մարտի 6-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի սնոուբորդքրոսի առաջին բաց առաջնությունը: Այն կազմակերպել էին ԱՄՆ դեսպանությունն ու Հայաստանի Օլիմպիական կոմիտեն: Չեմպիոն դարձավ Կարեն Միրզոյանը:
Առաջնությանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանը:
Մարի Յովանովիչը նշեց, որ ուրախ է Հայաստանում սնոուբորդի առաջին առաջնության կայացմանը: «Հուսով եմ` դա միայն սկիզբն է, եւ որ սնոուբորդը կզարգանա Հայաստանում: Շնորհակալություն Ամբերին ու Էրինին, ովքեր Յուտայից Հայաստան ժամանեցին որպես «սպորտի դեսպաններ»,- ասաց նա:
Արթուր Պետրոսյանն իր հերթին ասաց, որ նման սպորտային միջոցառումները նպաստում են սպորտի զարգացմանը: «Սնոուբորդի հայրենիքը Ամերիկան է, եւ հուսով եմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցել նաեւ այլ սպորտաձեւերում»,- ավելացրեց Պետրոսյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ Օլիմպիական կոմիտեի հրավերով Հայաստանում են ԱՄՆ-ից ժամանած սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթոքհաուսը եւ Էրին Քոմսթոքը: Նրանք Հայաստան են ժամանել «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում եւ իրենց ավանդը ներդրել Հայաստանում սնոուբորդի առաջնության անցկացման գործում:





