WBA, WIBF եւ WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթեւ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա), ապրիլի 24-ին Համբուրգում մրցելու է Նադիի Ռաոյի հետ (WIBA վարկածով տիտղոսակիր):
Ինչպես հայտնում է fightnews.com-ը, մարտի 9-ին հայ բռնցքամարտուհի Քենտիկյանը (26-0, 16 նոկաուտ) մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի հաղթանակի համար: «Ես ցանկանում եմ հաղթել նոկաուտով եւ անհամբեր սպասում եմ այդ մենամարտին: Այդ պայքարը նման է լինելու երկու կրակների միջեւ մարտի, եւ ես պետք է ավելի հզոր լինեմ»,- ասել է Քենտիկյանը:
Սյուզաննա (Սյուզի) Քենտիկյանը հայ բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: WBA, WIBF եւ WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթեւ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է: Նրան նաեւ անվանում են «Killer Qeen»: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 26 մենամարտ (16 նոկաուտ) եւ բոլորում հաղթել է:





