AM
17 Մարտ 2010 - 10:51 AMT

Հայ ըմբիշները հնարավոր է չմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հաղորդեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն եւ Ըմբշամարտի ֆեդերացիան որոշել են, որ ըմբիշները չեն մեկնելու Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: «Այսպիսով, մարզիկները բավարար ժամանակ ունեն աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար, որը տեղի է ունենալու Մոսկվայում սեպտեմբերի 6-12-ը»,- ասել է Ջուլֆալակյանը:

Իսկ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանն ասաց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների մասնակցության հարցը դեռ չի լուծվել: «Մի քանի օրերի ընթացքում պարզ կլինի, մասնակցելու ենք ադյոք առաջնությանը: Հիմա այս հարցը քննարկվում է»,- ասել է Առառքելյանը:

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Բաքվում ապրիլի 13-18-ը: