AM
31 Մարտ 2010 - 11:03 AMT

Լիլիթ Մկրտչյան. Ես շատ լուրջ եմ պատրաստվում Նալչիկում եւ Ջերմուկում կայանալիք Գրան Պրիներին

Խարկովում (Ուկրաինա), որտեղ ավարտվեց «Ռեկտորի գավաթ» շախմատի միջազգային առաջնությունը, Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ առաջնությունը շատ լավ էր կազմակերպված, եւ ինքը հաճույք է ստացել մասնակցությունից: «Իհարկե, բրոնզե մեդալն ինձ չի ուրախացնում, քանի որ մրցաշարում ամենամեծ վարկանիշն իմն էր: Վերջին պարտիայում ես մրցում էի առաջատարի հետ, եւ հաղթանակի դեպքում կարող էի առաջ անցնել նրանից, բայց, ցավոք, պարտվեցի»,- ասաց Մկրտչյանը:

Շախմատիստուհին նշեց, որ մոտակա ամիսներին կմասնակցի երկու մրցաշարերի: «Ապրիլի վերջին Նալչիկում կկայանա Գրան Պրի, եւ ես լրջորեն պատրաստվում եմ այդ առաջնությանը: Իսկ արդեն հունիսին կմասնակցեմ Ջերմուկում կայանալիք Գրան Պրիին»,- ավելացրեց Մկրտչյանը:

«Ռեկտորի գավաթը» նվաճեց Աննա Ուշենինան (Ուկրաինա), երկրորդ տեղը զբաղեցրեց Իննա Գապոնենկոն (Ուկրաինա): Առաջնությանը 8 շախմատիստուհիներ էին մասնակցում Հայաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Իսրայելից: