“Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան 2009-2010թթ. ընթացքում սպորտային մրցաշարեր է անցկացրել մի քանի մարզաձևերում. առագաստային սպորտ, լող, լեռնադահուկային սպորտ, սեղանի թենիս”,- ասել է Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը մամլո ասուլիսի ընթացքում:
2009-ին Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան 8 ուսումնամարզական հավաք, ցուցադրական և որակավորման մրցաշարեր է անցկացրել: Առաջին անգամ նոյեմբերի 17-ին Հայաստանում տեղի է ունեցել գոլբոլի առաջնություն, որին մասնակցում էին 6 թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից: “Առաջնությունը տեղի է ունեցել բարձր մակարդակում, և դրա շնորհիվ այս տարի Ռուսաստանի թիմերից մեկի հետ միասին մեր հավաքականը հավաքներ է անցկացնելու Հայաստանում”,- ասել է Ռոստոմյանը:
Նրա խոսքերով, Ֆեդերացիան շատ խնդիրներ ունի կապված մարզիկների մարզումների հետ:
“Հայաստանի 165 մարզադպրոցներում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար խմբակներ չկան: Բացի դրանից չկա օրենք, որը կկարգավորեր այս ոլորտը”,- ասել է Ֆեդերացիայի մամլո քարտուղար Վարդուհի Արամյանը:
Ֆեդերացիան ֆինանսավորվում է Եվրոամիության կողմից: Երկու տարվա ընթացում նա ստացել է 127 հազար եվրո: “Ծրագիրն ավարտվում է 2011-ին: Այդ գումարի մեծ մասը հատկացված է սպորտային գույք ձեռք բերելու համար: Մենք ցանկանում ենք ակտիվացնել մեր համագործակցությունը Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ”,- ասել է Արամյանը:
2010-ին Ֆեդերացիան մրցաշարեր է անցկացնելու լրագրողների մասնակցությամբ, որոնք մրցելու են երկու մարզաձևերում` առագաստային և լեռնադահուկային:





