Վանաձորում ավարտվեց Հայաստանի հանդբոլի պատանիների առաջնության առաջին շրջանի մրցաշարը, որին մասնակցեցին այս մարզաձևի Հայաստանի կենտրոնների 9 թիմեր: Բացառություն էին կազմել միայն Գյումրիի ներկայացուցիչները: Թիմերը տեղաբաշխվել էին երկու խմբերում, գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոց – Նորք-Մարաշ` 18:3 Խաղերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոց (ԽՄՕՄ) – Արցախ` 9:18 Արցախ – Վանաձոր` 13:8 Ալավերդի – Գեղարքունիք` 8:15 Աջափնյակ – Շենգավիթ` 24:30
Առաջին խմբում 8 միավորով առաջին տեղը գրավեց Վանաձորի թիմը, ապա հաջորդեցին Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի (6 միավոր), Արցախի (4 միավոր), Նորք-Մարաշի (2 միավոր) և ԽՄՕՄ-ի (0 միավոր) հավաքականները: Երկրորդ խմբում լավագույն ցուցանիշն ունի Շենգավիթի հավաքականը (6 միավոր), որին հաջորդում են Աջափնյակի (4 միավոր), Գեղարքունիքի (2 միավոր) և Ալավերդիի (0 միավոր) ներկայացուցիչները:
Հոկտեմբերին Երևանում կկայանա Հայաստանի հանդբոլի պատանիների առաջնության երկրորդ շրջանի մրցաշարը: Խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները Հայաստանի առաջնության պարգևները կվիճարկեն եզրափակիչ մրցաշարում, որը նույնպես կանցկացվի Երևանում:
Քանի որ հաջորդ տարի Հայաստանի հանդբոլի 16-17 տարեկանների հավաքականը միջազգային ստուգատեսի` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի է մասնակցելու, ապա վանաձորյան մրցաշարի ավարտից հետո կազմավորվեցին 14 և 15 տարեկան պատանիների հավաքականներ (15-ական խաղացողով), որոնք ընկերական հանդիպում անցկացրին: Խաղն ավարտվեց 28:28 հաշվով, հաղորդում է Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:





