Սոչիում կայացավ կարատեի «Սևծովյան ափի Երկրորդ Միջազգային Գավաթը»: Մրցություններին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես եկան 10 մարզիկներ` Անիտա Մակիյանը, Դավիթ Մակիյանը, Ֆրունզե Սարգսյանը, Սերյոժա Սարգսյանը, Նարեկ Մաչկալյանը, Նարեկ Կարապետյանը, Կարեն Իսախանյանը, Արթուր Մովսիսյանը, Արսեն Մարկոսյանն ու Աշոտ Ավոյանը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայ մարզիկները մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճեցին:
12-13 տարեկանների կարգում հաղթող դարձավ Սերյոժա Սարգսյանը (51 կգ ք/կ), որը հաղթանակ տարավ բոլոր հինգ մենամարտերում: Արծաթե մեդալը նվաճեց Արթուր Մովսիսյանը, որը եզրափակչում նվազագույն` 4:5 հաշվով զիջեց մրցակցին: Բրոնզե մեդալակիր դարձավ Անիտա Մակիյանը:
Իսկ թիմային կումիտեում Հայաստանի մինչև 12-13 տարեկան տղաների (Սերյոժա Սարգսյան, Նարեկ Կարապետյան և Նարեկ Մաչկալյան) հավաքականը 3-րդ տեղը զբաղեցրեց:





