AM
5 Մայիս 2010 - 12:57 AMT

Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի մարզիկներին ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի, Եվրոպայի և միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկներին և նրանց մարզիչներին:

Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի մարզիկներին ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այսուհետ ևս նրանք բարձր կպահեն երկրի մարզական պատիվը և արժանիորեն կշարունակեն ու կբազմապատկեն Արցախի ժողովրդի հաղթանակները:

Հանդիպման վերջում նախագահը դրամական պարգևներ է հանձնել հաղթանակ տարած մարզիկներին ու նրանց մարզիչներին և նշել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են աջակցել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը՝ դրանով իսկ խթանելով այդ բնագավառներում ավելի բարձր արդյունքների հասնելու գործընթացին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: