AM
31 Մայիս 2010 - 10:28 AMT

Հայաստանի ատլետիկայի առաջնությանը մասնակցեցին 120 մարզիկներ

Մայիսի 30-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ Հայաստանի ատլետիկայի առաջնությունը: Մասնակցում էին 120 մարզիկներ Երևանից, Արտաշատից, Մասիսից, Կապանից և 12 թիմեր Լեռնային Ղարաբաղից:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսի 19-20-ը Մարսա քաղաքում (Մալթա) կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:

Շահբազյանի խոսքով, Հայաստանի առաջնության ժամանակ Արսեն Սարգսյանը «հեռացատկ» սպորտաձևում 7,96 մետր արդյունք ցույց տվեց և հունիսին Բարսելոնայում կայանալիք միջազգային առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճեց: Բարսելոնայում ելույթ կունենա նաև Արմեն Անդրեասյանը (100 մետր վազք), որը միջազգային առաջնության ուղեգիրը նվաճել էր դեռևս 2009 թվականին: