AM
21 Հունիս 2010 - 13:08 AMT

Ուղեգծվեցին Հայաստանի «Երիտասարդական բանկ»-ի հետագա ծրագրերն ու գործողությունները

Օրերս Երևանում տեղի ունեցավ Հայաստանի «Երիտասարդական Բանկ»-ի կոմիտեների երկօրյա հանդիպումը։ «Երիտասարդական բանկը» երիտասարդների մի խումբ է, որին հնարավորություն է տրվում սովորել և իրականացնել դրամաշնորհային ծրագրեր՝ իրենց հասակակիցների գաղափարներն իրագործելու համար: Ծրագրի նպատակն է ներգրավել երիտասարդներին իրենց համայնքի զարգացման գործում, հաղորդում է «Երիտասարդական Բանկ»-ի մամլո ծառայությունը:

«Երիտասարդական բանկ»-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս դրամաշնորհներ տրամադրել երիտասարդներին իրենց համայնքներում: Այն Հայաստան եկավ 2007-ին` «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի և Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի համագործակցության արդյունքում:

«Երիտասարդական բանկ» ծրագրի շրջանակներում հիմնադրամը ՀՀ տարբեր մարզերում և Երևանում հավաքագրում է 16- 25 տարեկան ակտիվ երիտասարդների և մրցութային սկզբունքով նրանցից ընտրում հինգից յոթ լավագույններին, ովքեր էլ ձևավորում են բանկը: Ընտրված մասնակիցներն իրականացնում են համայնքային ծրագրեր, ձևակերպում և հայտարարում են դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունելություն, կատարում են ծրագրերի ընտրություն, ֆինանսավորում և մոնիթորինգ։

«Ռեժինէ» հյուրանոցային համալիրում կայացած երկօրյա հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի 8 մարզերում և Երևանում գործող «Երիտասարդական Բանկ»-ի կոմիտեները: Հավաքի հիմնական նպատակն էր՝ բանկի կոմիտեների կողմից հաշվետվությունների ներկայացումը, ֆինանսավորված ծրագրերի և մոնիթորինգի արդյունքների ամփոփումը և այլն։ Այս տարի «Երիտասադրադական բանկ»-ի ֆինանսավորման շնորհիվ Հայաստանում իրականացվել են շուրջ վեց տասնյակ ծրագրեր, այդ թվում՝ բարեգործական, շրջակա միջավայրի պահպանության, կրթական-ուսուցողական և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր՝ կապված ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած դժվարությունների և խոչընդոտների, աշխատանքային բարդությունների հետ։ Բացի այդ, քննարկվեց, թե ի՞նչ է կարելի փոխել երիտասարդների հետ աշխատանքում՝ նրանց ընդգրկվածությունը համայնքների, կազմակերպությունների և համայնքային խմբերի աշխատանքներում մեծացնելու համար։

Երկօրյա հանդիպման ընթացքում ուղեգծվեցին Հայաստանի «Երիտասարդական բանկ»-ի հետագա ծրագրերն ու գործողությունները։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես, «Երիտասարդական Բանկ»-ի կոմիտեները պատրաստվում են հայտարարել փոքր դրամաշնորհներ։ Բացի այդ, հուլիսի վերջին նախատեսվում են Հայաստանի «Երիտասարդական բանկ»-երի անդամների հանդիպումները Ադրբեջանի և Վրաստանի «Երիտասարդական բանկ»-երի անդամների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բազմաթիվ հարցեր՝ հիմնականում կապված փոխադարձ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հետ։

Հիշեցնենք, որ «Երիտասարդական բանկ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից, իսկ 2009-ից համաֆինանսավորվում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամը, ինչպես նաև հայաստանյան հասարակական կազմակերպություններ 8 մարզերում և Երևանում, տեղական և մարզային մամուլի ներկայացուցիչներ: