Հունիսի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների համահայկական 5-րդ համաժողովի շուրջ 70 մասնակիցներին:
Միասնական տերունական աղոթքից հետո Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին և համաժողովի օրակարգը: «Ամեն անգամ գալիս ենք ստանալու Մայր Աթոռի և Ձեր օրհնությունը , որը կարևոր նշանակություն ունի հոգևոր և գիտամշակութային կապերի համար», – նշեց Լ. Անանյանը` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին և հանուն մասնակիցների ընծայաբերելով «Արդի հայ քնարերգության» երկհատորյակը ի նշան սիրո և նվիրումի հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Ապա Վեհարանի նվիրական հարկի ներքո հյուրերին ողջունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց գրողների այցի առիթով Մայր Աթոռ, որը ծննդավայրն է գրի ու գրականության, ուր գրողները պիտի ներշնչվեն, հաղորդ դառնան անցյալին և Աստծո հետ հաղորդակցությամբ առավել հստակեցնեն իրենց առաքելությունը: Գնահատանք հայտնելով միության վարչության անդամներին` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողներին համախմբելու գեղեցիկ նախաձեռնության համար` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ համաժողովը կբերի իր օգտակարությունը և ցանկալի պտուղներ կտա:
«Այժմ բազմաթիվ հրապարակումներ են հանդիպում, որոնք ոչ թե կրթող, այլ ավելի քայքայիչ, վնասակար են, որոնք վրդովմունք են առաջացնում ձեզանից շատերի մեջ և հաճախ գայթակղություն հանդիսանում: Այս երևույթներն ավելի մեծ չափով են շեշտադրում պարտականության զգացումը, և կարևորվում է գրողի կերպարը` դրական հատկանիշներով, որպես օրինակ երիտասարդության համար», – ասաց Նորին Սրբությունը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը պատասխանեց գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Վիրահայոց թեմի կարգավիճակին և հայկական եկեղեցիների վերադարձման խնդրին, Հայաստանում օտարալեզու դպրոցների, հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, Սփյուռքի համար կրոնի և Հայ Եկեղեցու պատմության դասագրքերի հրատարակությանը, կրոնապետերի համաժողովներին և Նորին Սրբության Բաքու այցելությանը և այլնին:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մասնակիցներին նվիրեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի կողմից հրատարակված երեք արժեքավոր աշխատություններ:





