Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) Խորհուրդը հունիսի 29-ի նիստում հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձանց միության կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանադակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները:
Ինչպես հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը, Խորհուրդը սահմանեց նաև «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձանց միության Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները:
Խորհուրդը փոփոխություններ և լրացումներ կատարեց «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգում:
Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանը վերջին` երրորդ ընթերցմամբ ընդունել է Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքը, որի համաձայն, մեքենաների պարտադիր ապահովագրումը Հայաստանում գործելու է 2011 թ. հունվարի 1-ից: Ընդ որում, պարտադիր ապահովագրման գործընթացը կարգավորելու է ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների գործակալությունը, որը հիմնադրելու է Հայաստանի կենտրոնական բանկը:





