Այս օրերին Դիլիջանում Կորոլևա քաղաքի գոլբոլի ակումբը, որը 2010 թվականի Ռուսաստանի չեմպիոնն է, համատեղ հավաք է անցկացնում հայկական «Կայծակ», «Շիրակ», «Առյուծներ» և «Արծիվներ» թիմերի հետ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանն ասել է, որ Կորոլևա թիմը շատ ուժեղ է, և հայ գոլբոլիստները հնարավորությու ունեն վարպետության դասեր ստանալ ռուս մարզիկներից: «Մարզումներն ընթանում են շատ խիստ ժամանակացույցով` մարզիկները մարզվում են օրական 2 անգամ: Դրանից հետո կձևավորվի Հայաստանի գոլբոլի հավաքականը, որը հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Իրանի Սանանդաջ քաղաքում կմասնակցի միջազգային առաջնության»,- ասել է Ռոստոմյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով, 2011 թվականին Եվրոպայի առաջնությանը, հավանաբար, կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը. «Ափսոս, որ մեր Ֆեդերացիան աջակցություն չի ստանում պետությունից: Բայց մենք շարունակում ենք աշխատել և արդեն համագործակցում ենք լողի ու սեղանի թենիսի ֆեդերացիաների հետ»,- ընդգծել է Սամվել Ռոստոմյանը:
Հաշմանդամային սպորտի Ազգային ֆեդերացիան օգոստոսին առագաստային սպորտի մրցաշար կանցկացնի, իսկ աշնանը կկայանա Հայաստանի բոչիայի առաջնությունը:





