AM
8 Հոկտեմբեր 2010 - 09:34 AMT

Հայաստանի կառավարությունը մտադիր է աստիճանաբար նվազեցնել պետբյուջեի դեֆիցիտը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հանդես գալով Երևանում մամլո ասուլիսում, առանձնացրել է 2011-ի պետբյուջեի երկու առանձնահատկություն. բյուջետային դեֆիցիտի կրճատում և վերադարձ ՀՆԱ նախաճգնաժամային ծավալին և նույնիսկ դրա բարձրացում: Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը մտադիր է աստիճանաբար նվազեցնել պետբյուջեի դեֆիցիտն այն եվրոպական չափանիշներին հասցնելու համար` 3 տոկոս ՀՆԱ նկատմամբ: «Հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում կառավարության կողմից զգալի միջոցներ են ներգրավվել, որի արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը գերազանցել է 7 տոկոսը ՀՆԱ նկատմամբ: 2010-ին այդ ցուցանիշը նախատեսված է 6 տոկոսի մակարդակում, բայց կան բոլոր նախադրյալները, որ այն կլինի 5 տոկոս»,- ասել է նա:

Խոսելով 2011-ի պետբյուջեի նախագծի մասին` Մինասյանը նշել է, որ ՀՆԱ աճը 3.7 մլրդ դրամի մակարդակում է (4.6 տոկոս աճ)2008-ի 2.6 մլրդ դրամի փոխարեն, և վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս կայուն զարգացման փուլ: Խոսելով գնաճի մասին` նա նշել է, որ ամսական կտրվածքով արձանագրվել է գների իջեցում:

Մինասյանը նաև նշել է, որ 2011-ի պետբյուջեի նախագծում հատուկ տեղ է հատկացվում մարդկային կապիտալին` բյուջեի 46 տոկոսը: Պետբյուջեի եկամուտների հոդվածը 2011-ին կկազմի 850 մլրդ դրամ, իսկ ծախսերի հոդվածը` շուրջ 1 տրլն դրամ, ընդ որում դեֆիցիտը կկազմի 148.6 մլրդ դրամ: