Հոկտեմբերի 24–ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վիվա-Սել ՄՏՍ ընկերության աջակցությամբ Սիրահարների այգում հերթական անգամ կկազմակերպի Նկարչական օր-մրցույթը: Վերջինը ընթանալու է 4 տարբեր տարիքային խմբերի միջև: Առաջին անգամ մրցույթին մասնակցելու են նաև սփյուռքահայ երեխաներ ու երիտասարդներ: Նկարչական մրցույթին մասնակցելու համար հիմնադրամը երեխաներին և երիտասարդներին առաջարկել է ստեղծագործել հետևյալ թեմաներով`«Իմ երազանքների քաղաքը», «SOS», «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած կենդանաբանական այգին»:
«Մենք արդեն ստացել ենք բազմաթիվ նկարներ, որոնք տեղադրված են www.paintingday.org կայքում: Նկարների տեղադրումն ու on-line քվեարկությունը կշարունակվեն մինչ նոյեմբերի 20-ը»,-նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Հիմնադրամը, իր գլխավոր աջակցի`Վիվա-Սել ՄՏՍ ընկերության հետ հետևողականորեն ամրապնդում է բնապահպանական այլընտրանքայն կրթությունը Հայաստանում`այդպիսով քարոզելով ոչ միայն բնության և շրջակա միջավայրի նկատմամբ առողջ վերաբերմունք, այլև պատասխանատվության զգացում:
«Բնության մասին հոգալը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Բնությունը պահպանում է հավասարակշռությունը: Մեր աջակցությունը պատասխանատվության զգացում է բնության հանդեպ»,- ասաց Վիվա-Սել ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես տեղեկացրեց Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Մելանյա Դավթյանը, հիմնադրամը նախատեսում է հաջորդ տարի հիմնադրել նաև տարածաշրջանային քոլեջ–բնապահպանական հարցերով հետազոտական կենտրոն:





