AM
18 Նոյեմբեր 2010 - 12:15 AMT

Հայաստանի դպրոցներում մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնը

Հայաստանի ավելի քան 1300 դպրոցներում մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության դպրոցների ավելի քան չորս հարյուր հազար աշակերտ` առանց տարիքային սահմանափակման: Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի, որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:

Փառատոնը կազմակերպվում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ: Փառատոնը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին և Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանին: