Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համապատասխան մասնագետներ չունի պանրի շուկայում դիտարկում անցկացնելու համար, գտնում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
ՏՄՊՊՀ-ի դիտարկումը ցույց տվեց, որ որոշ հայ պանրագործներ օգտագործում են կաթի փոշի, սակայն պիտակների վրա նման մակնշում չկա: Փորձաքննությունը ցույց տվեց նաև, որ պանրի արտադրության մեջ նաև սոդա է կիրառվել, ինչն արգելված է այդ սննդատեսակի արտադրության մեջ:
Ըստ նրա, ասոցիացիան դեռ 10-15 օր առաջ փորձաքննության էր ուղարկել կաթնամթերքի խոշոր արտադրողների արտադրանքը, այդ թվում «Աշտարակ կաթ», «Չանախ», «Մուլտի ագրո» ընկերություններինը: «Արդյունքները վկայում են այն մասին, որ այդ արտադրողների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել»,-ասել է նա: Մ.Հակոբյանը նշել է, որ կաթի փոշու օգտագործումը շատ ավելի անվտանգ է, սակայն վիտամիններն այնտեղ շատ ավելի քիչ են: Արտադրողները պարտավոր են պիտակի վրա մակնշել բաղադրությունը, ինչը չեն անում «Դուստր Մարիաննա«, «Բիոկաթ» ընկերությունները: Ինչ վերաբերում է սոդային, ապա Հակոբյանը սոդայի կիրառման հնարավորությունը ծիծաղելի է համարել, քանի որ այն ընդհանրապես չի կիրառվում պանրի արտադրության մեջ:
Իր հերթին ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբարատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար Հրաչ Պողոսյանը նշեց կաթի փոշու օգտագործումը որպես դրական գործոն, նշելով, որ այնտեղ յոդի պարունակությունը 20-30 տոկոսով ավելի է: Իսկ սոդայի կիրառության մասին փորձագետն ասաց, որ երբեմն այն ավելացվում է կաթի թթվայնությունը նվազեցնելու համար:





