Ցավոք, Հայաստանը, ինչպես վկայում են տեղական և միջազգային փորձագետների ուսումնասիրությունները և հանրային կարծիքի հարցումները, շարունակում է մնալ համատարած և համակարգային բնույթ ունեցող կոռուպցիայի երկիր: Դա են վկայում Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ ինչպես Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) երկու հիմնական համաթվերի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների այս տարվա տվյալները:
Այսպես, համաձայն հոկտեմբերի 26-ին հրապարակված ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) տվյալների` Հայաստանի ԿԸՀ արժեքը էլ ավելի է նվազել նախորդ տարիների ԿԸՀ համեմատ, և այժմ կարելի է պնդել, որ սկսած 2007թ.-ից երկարաժամկետ կտրվածքով առկա է դանդաղ և սահուն վատթարացում: Ընդ որում, իրավիճակը բարվոք չէր և դրանից առաջ, երբ այդ համաթվի արժեքը, որը փաստորեն չէր փոխվում սկսած 2003թ.-ից, նույնպես շատ ցածր էր և, ըստ մասնագետների, վկայում էր երկրում կոռուպցիայի համակարգային լինելու մասին: ԹԻ-ի մեկ այլ համաթիվ էլ, 2010թ.-ի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը, հրապարակվեց այսօր և նրա` Հայաստանին վերաբերող տվյալները նույնպես մտորելու տեղիք են տալիս: Մասնավորապես, ըստ այդ տվյալների, Հայաստանում հարցվածների միայն 15 տոկոսն է գտնում, որ կոռուպցիայի մակարդակը երկրում վերջին երեք տարիներին նվազել է, և միայն 27 տոկոսի կարծիքով է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած քայլերն արդյունավետ են: Եվ թերևս ամենամտահոգիչն այն է, որ ըստ հայաստանյան հարցվողների, ամենակոռումպացված ոլորտը համարվել է կրթական համակարգը, և ԿՀԲ հարցման մեջ ընդգրկված և ոչ մի երկրում այդ համակարգն այդ աստիճանի կոռումպացված չի ընկալվում, ինչպես Հայաստանում:
Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԹԻ տարածաշրջանային զարգացման կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը, համակարգային բնույթ ունեցող ախտի դեմ պայքարը պետք է ունենա համակարգային բնույթ, որը ենթադրում է կոռուպցիայի հաղթահարում բոլոր ոլորտներում իրար հետ փոխկապակցված և հետևողական քայլերի միջոցով` կիրառելով կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական ուղղությունները, այն է` կանխարգելումը, բացահայտումը և հանրային աջակցության ապահովումը:
«Կոռուպցիոն բուրգի գագաթը չպետք է լինի անձեռնմխելի, քանի որ համակարգային պայքարն անհնարին է, եթե երկրում առկա է անպատժելիության մթնոլորտ: Բիզնեսը և քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն: Իրար սերտաճած քաղաքական և տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանությունը, իսկ բացարձակ իշխանությունը չի կարող գոյատևել առանց կոռուպցիայի»,-ասել է նա:





