AM
9 Դեկտեմբեր 2010 - 12:32 AMT

Ռոբերտ Աղասարյան. Ամենաանմոռանալի պահը Թուրքիայում կայացած Օլիմպիադայում այն էր, երբ հնչեց Հայաստանի օրհներգը

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի պատանեկան հավաքականը դեկտեմբերի 9-ին հանդիպել է լրագրողների հետ:

Բացի թիմային հաղթանակից, հայ շախմատիստները աչքի ընկան նաև անհատական արդյունքներով. Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Շահինյանը ոսկե մեդալներ նվաճեցին իրենց խաղատախտակների վրա:

Գաբուզյանը նշել է, որ դեռ մինչ Օլիմպիադայի մեկնարկը հավաքի ժամանակ բարձր էր թիմային ոգին և տղաների տրամադրությունը բարձր էր:

Դավիթ Շահինյանը գտնում է, որ դեռ մարզումների ժամանակ հայտնի դարձավ, որ ՀՀ հավաքականը կպայքարի ոսկու համար:

Կարեն Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանի ու Պորտուգալիայի թիմերին հաղթելուց հետո, նրանք զգացին, որ ամեն ինչ բարեհաջող է դասավորվում: «Մենք հասկացանք, որ շատ ուժեղ ենք, հատկապես երբ 6-րդ տուրում հաղթեցինք Թուրքիայիի ուժեղ թիմին»,-ասել է Գրիգորյանը:

Իսկ Ռոբերտ Աղասարյանը գտնում է, որ Հայաստանի հավաքականը ուժեղ էր, որովհետև նրանք լավ են ճանաչում միմյանց և մտերիմ են: «Մեզ համար շատ կարևոր էր լավ հանդես գալ Թուրքիայում: Ամենաանմոռանալի պահը Թուրքիայում կայացած Օլիմպիադայում այն էր, երբ հնչեց Հայաստանի օրհներգը»:

Ըստ Տիգրան Պետրոսյանի, չնայած, որ հավաքականը 9 անընդմեջ հաղթանակ տարավ, ոսկե մեդալները հեշտ չտրվեցին: «Նույնիսկ թույլ թիմերը փորձում էին ավելի հավաքված խաղալ: Սակայն մենք բոլորի հետ նույն տեմպով էինք խաղում և թուլ չէինք տալիս մեզ թուլանալ»: