Տարեսկզբից ԿԲ և Կառավարության համատեղ ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում դոլարայնացման մակարդակը շարունակել է նվազել: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի իրավիճակային հաշվետվության մեջ, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: «Նոյեմբերին նախորդ ամսվա նկատմամբ, նվազումը կազմել է 0.8% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 3%)` պայմանավորված դրամային ավանդների 3.8% և արտարժութային ավանդների 1.6%-ով աճերով (բացառելով դրամի փոխարժեքի արժեքավորման ազդեցությունը` 0.8%-ով)»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Բացի դրանից նշվում է, որ չնայած դոլարիզացիայի տեմպերի շարունակական նվազմանը, նոյեմբերին տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակել են գերակշռել արտարժույթով վարկերը, ինչը տեղի է ունեցել առևտրային բանկերի կողմից արտերկրից ներգրավված միջոցների, ինչպես նաև ԿԲ-ում արտարժութային թղթակցային հաշվի ավելցուկային միջոցների հաշվին:
Ամսվա ընթացքում վարկավորման 1.7% աճի դեպքում դրամային ավանդներն ավելացել են 0.9%-ով, արտարժութային վարկերը 2.2%-ով (բացառելով դրամի փոխարժեքի փոփոխությունը` 1.4%-ով):





