Գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանն էապես գերազանցելու պայմաններում Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը քննարկեց դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների երկու տարբերակ: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի իրավիճակային հաշվետվության մեջ, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: Քննարկված առաջին տարբերակը մոտակա ամիսներին դրամավարկային պայմանների խստացումն է, չնայած գնաճի` առաջարկի գործոններով պայմանավորված լինելու փաստին: Այսպիսի քաղաքականության նպատակը առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի երկրորդային ազդեցությունների և սպասումների չեզոքացումն է: Սա հնարավորություն կտա ավելի կարճ ժամանակահատվածում վերադարձնել գնաճը նպատակային միջակայք:
Երկրորդ տարբերակը, որն, ըստ էության, նախորդ ամիսներին իրականացրած քաղաքականության շարունակությունն է, ավելի հայեցողական է: Այսպիսի քաղաքականության ներքո ԿԲ-ն ավելի պահպանողական է տոկոսադրույքի փոփոխության հարցում: Նման քաղաքականության իրագործումը ներկայումս ձևավորված տոկոսադրույքների պահպանման, վարկավորման ծավալների աճի շարունակման, հետևաբար` ներդրումների ավելացման պայմաններում կնպաստի կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի կայունացմանը: Մյուս կողմից չի բացառվում, որ հաջորդ տարի դիտվեն գյուղատնտեսական պարենային ապրանքների ավելի բարենպաստ գնային փոփոխություններ և արտաքին գնաճային ազդակները թույլ դրսևորվեն` ձևավորելով ավելի մեղմ գնաճային միջավայր:
ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում հետագայում դրամավարկային պայմանների խստացումը:
2010 թ. դեկտեմբերի 7-ի նիստում առաջիկա ժամանակահատվածի համար սահմանվեցին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7.25%, լոմբարդային ռեպոյի 10.25% և ներգրավված միջոցների 4.25% մակարդակներ:





