AM
13 Հունվար 2011 - 12:03 AMT

«ՌեյլՎնեշտրանս» ընկերությունն ակնկալում է Թուրքիայից ավտոմոբիլային փոխադրումների աճ

2011 թվականից «ՌեյլՎնեշտրանս» ընկերությունը մտադիր է կենտրոնանալ Թուրքիայից Հայաստան համալիր բեռների փոխադրման վրա: Փոխադրումը կիրականացվի հաշվի առնելով երկու պետությունների միջև առկա իրավիճակն ու նրբությունները և կիրականացվի Վրաստանի տարածքով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության ավտոփոխադրումների գծով մենեջեր Աշոտ Միրաքյանը: Նման առաջնայնությունն ու մեծ պահանջարկն այդ ուղղությամբ մասնագետը հիմնավորեց նրանով, որ ապրանքը նախանշված վայրն է հասնում հաշված օրերի ընթացքում, օրինակ, Ստամբուլից Երևան՝ 5-6 օրում: Ավելին, Թուրքիան առաջարկում է մեծ տեսականի և մատչելի գներ:

Աշոտ Միրաքյանը հայտնել է նաև, որ Վրաստան մուտք գործելիս ոչ վրացական յուրաքանչյուր 20 000 տոննա տարողությամբ մեքենայից գանձվում է 200 լարի պետտուրք: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ հարկավոր է վճարել 110 000 դրամ հանրապետության տարածքը հատելու համար և ևս 15 000 դրամ բնապահպանության համար:

Այդպիսով, բոլոր նախադրյալները կան, որպեսզի ընթացիկ տարում ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև աճի: Ըստ պաշտոնական տվյալների, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է 187,2 մլն դոլար, ինչն ավելի է 2009թ. նույն ժամանակահատվածից 18 տոկոսով: