Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 14-ին ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը` քաղաքապետը դեսպանին ներկայացրեց համագործակցության հնարավոր ոլորտները` կապված քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, կրթության, խորհրդատվական ծառայության և ներդրումային դաշտի զարգացման հետ: «Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորինս շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից մեկը պետք է դառնա: Երևանում պետք է ստեղծվի դյուրին, մատչելի բիզնես միջավայր` չեզոքացնելով բոլոր կոռուպցիոն ռիսկերը>>,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Ներդրումային դաշտի վերափոխումը համարելով ուղղակի անհրաժեշտություն` ԱՄՆ-ի դեսպանը նշեց, որ ամերիկյան գործարարների համար շատ կարևոր է Երևանում հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը:
Երևանի քաղաքապետը դեսպանին տեղեկացրեց քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման և զարգացման նպատակով նոր կառույց ստեղծելու մասին: Կարեն Կարապետյանն ընդգծեց նաև Երևանի և Միացյալ Նահանգների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը: Բնակիչների իրազեկման բարձրացման, ինչպես նաև բնակիչ-քաղաքապետարան կապն առավել մատչելի դարձնելու նպատակով նույնպես լուրջ քայլեր են ձեռնարկվում, որտեղ ևս քաղաքապետարանն ակնկալում է դեսպանատան աջակցությունը:
Խոսելով մայրաքաղաքում երթերի և հանրահավաքների անցկացման հարցերի շուրջ` Մարի Յովանովիչը դրական գնահատեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրենքը` կարևորելով օրենքի պահանջների պահպանումը: Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ զանգվածային միջոցառումների իրազեկման քննարկումները և որոշումների կայացումը լինելու է սահմանված ընթացակարգով, բաց և թափանցիկ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:–ԿԱ– Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարում Երևանի ներդրումային դաշտի վերափոխումը





