AM
18 Հունվար 2011 - 07:28 AMT

Գևորգ Ղազարյան. «Կուբանում» ես ինձ լավ եմ զգում, ինչը, բնականաբար, անդրադառնում է նաև խաղի վրա

Հունվարի 17-ին «Կուբան» ՖԱ-ն Բելեկում անցկացրել է երկրորդ ընկերական խաղը «Լոկոմոտիվի» հետ (Աստանա, Ղազախստան) և հաղթել 2:0 հաշվով:

Ռուսական թիմի կազմում հանդես են եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, որոնք ակումբում փորձաշրջան են անցնում:

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանը երկու անգամ դաշտ է դուրս եկել: Առաջին անգամ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, երկրորդ անգամ` Բուկուրի վնասվածքից հետո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Եվ մենք, և հակառակորդը խաղացել ենք զգալի ծանրաբեռնվածության ֆոնի վրա, որը ֆուտբոլիստները ստանում են հավաքների ժամանակ: Ուստի թիմերի մոտ պակասում էր թեթևությունը: Բայց, չնայած դրան, մենք բավական լավ ենք շարժվել, արագությամբ գերազանցել մրցակցին, որի հաշվին հաղթանակ ենք տարել»,- ասել է Ղազարյանը խաղից հետո:

Նա նաև նշել է, որ երկրորդ խաղում իրեն ավելի լավ է զգացել, և յուրաքանչյուր մարզումի և խաղի հետ խաղային կապերն ամրապնդվում են. «Կուբանում» ես ինձ լավ եմ զգում, ինչը, բնականաբար, ազդում է խաղի վրա»: