AM
18 Հունվար 2011 - 09:42 AMT

2011-ի հունվարի 1-ից Հայաստանում փոխվել են վերականգնվող էներգետիկայի սակագները

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող 94 հիդրոլէկետրակայան-ներից 29-ի սակագները հաշվարկվում են` ելնելով համապատասխան մեթոդիկայով ամրագրված անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքից: Հաշվի առնելով հիշյալ հիդրոէլեկտրակայանների սեփականատերերի կողմից վերջին ժամանակներում բարձրացված հարցերը` սակագնի տարր կազմող որոշ ծախսային հոդվածների անբավարար լինելու վերաբերյալ, հանձնաժողովն ուսումնասիրել և համապատասխան փոփոխություններ է կատարել սակագների հաշվարկման մեթոդիկայում` հնարավորություն ընձեռելով նշված փոքր հիդրոէլեկտրակայաններին ցանկության դեպքում սակագների հաշվարկային մեթոդից անցնելու հաստատուն սակագների մեթոդին: Այս մասին ասվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատանքի պլանում:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀԾԿՀ-ից, վերականգնվող էլեկտրաէներգիայի սակագները ճշտվել են, և 2011-ի հունվարի 1-ից այն վաճառվելու է հետևյալ սակագներով`

1. Բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմել է 19,28 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

2. ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 12,853 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

3. խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 8,57 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

4. հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 33,756 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

5. կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 36,928 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի: