Հունվարի 18-ին Երևանի պետական համալսարանում հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող մարզիկ Գրետա Վարդանյանի հետ: Վարդանյանը զբաղվում է մի քանի մարզաձևերով և մեծ հաջողությունների է հասել միջազգային մրցումներում:
2007թ. նա Կավալլեում (Հունաստան) կայացած ծանրամարտի Եվրոպայի հաշմանդամների բաց առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը: 2006թ. Թուրինի Պարալիմպիկ խաղերում նա հանդես եկավ լեռնադահուկային մարզաձևում, իսկ Լոս Անջելեսում սայլակով մասնակցեց 42 կմ մրցավազքին և զբաղեցրեց 4-րդ տեղը իր տարիքային խմբում:
Գյումրեցի մարզիկը կորցրել է երկու ոտքերը 1988թ. երկրաշարժի ժամանակ, սակայն ուժ է գտել իր մեջ զբաղվելու սպորտով: «Այժմ ես համառորեն մարզվում եմ և պատրաստվում եմ Պարալիմպիկ խաղերին: Կարծում եմ, որ կկարողանամ լավ արդյունք ցույց տալ»,-ասել է Վարդանյանը:





