«Կուբան» ՖԱ նախապատրաստման ծրագիրը փոխվել է, և թիմը հրաժարվել է Կիևի «Օբոլոնի» հետ չորրորդ հանդիպումից, որը նախատեսված էր հունվարի 22-ին: Ռուսական ակումբում շարունակում են փորձաշրջան անցնել Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը:
«Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն ասել է, որ պատճառը վնասված մարզիկների մեծ թիվն էր: «Մարզական գործընթացում ոչ մի լրացուցիչ ընդմիջումներ նախատեսված չեն, կշարունակենք մարզվել բեռնվածության նախկին մակարդակով: Փոփոխությունները կվերաբերեն միայն ստուգողական խաղին: Հավաքների ավարտական փուլում չէի ցանկանա վտանգի ենթարկել մարզիկների առողջությունը, ուստիև որոշվեց հրաժարվել ուկրաինական թիմի հետ հանդիպումից: Թիմի նորեկներին խաղի մեջ կկարողանանք տեսնել Իսպանիայում` Marbella Cup առաջնության հանդիպումներում»,- Պետրեսկուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Թուրքական հավաքը կավարտվի հունվարի 23-ին, որից հետո մարզիկները երեք հանգստյան օր կստանան և հունվարի 27-ին կհավաքվեն Կրասնոդարի բազայում: Հունվարի 28-ին նախատեսված է «Կուբանի» մեկնումը Իսպանիա` մասնակցելու երկրորդ արտասահմանյան հավաքին:





