AM
24 Հունվար 2011 - 09:11 AMT

Տնտեսագետ. Հայաստանի իշխանությունները պետք է ավելացնեն ցորենի պաշարները` գնաճը զսպելու համար

ՀՀ իշխանությունները պետք է ավելացնեն ցորենի պաշարները` տեղական շուկայում գնաճը կառավարելու համար, կարծում է անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը: Նրա խոսքերով, այսօր երկրի պետական պաշարները կազմում են շուրջ 50 հազար տոննա ցորեն, ինչը բավական է միայն մեկ ամսվա համար և դա էլ արտակարգ իրավիճակում: «Այդ ծավալները պետք է հասնեն մինչև 3-4 ամսական պաշարների, և միայն այդ դեպքում երկրի իշխանությունները կկարողանան իրենց լծակները կիրառել ցորենի տեղական շուկայում համաշխարհային գնային միտումների ազդեցությունը զսպելու համար»,- ասել է նա:

Հունվարի 22-ից սկսած` Հայաստանի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է հացի գների աճ 10-20 դրամով, միաժամանակ որոշ խանութներում գինն անփոփոխ է մնացել, քանի որ այդ մատակարարները դեռ չեն սկսել օգտագործել բարձր գներով ձեռք բերված ալյուր:

Տնտեսագետի տվյալների համաձայն, ալյուրի շուկայում գերիշխող դիրքեր գրավող «Մանանա գրեյն» ընկերությունը բարձրացրել է ալյուրի գինը մեկ կգ-ի համար 10 դրամով: Վրացական Փոթի նավահանգստում ներկրողները մեկ տոննա ցորենը ձեռք են բերում 400 դոլարով նախկին 330-350 դոլարի փոխարեն:

Սամվել Ավագյանը բացատրում է դա համաշխարհային շուկաներում ցորենի գների աննախադեպ աճով, մասնավորապես, ԵՄ հայտարարությունն այն մասին, որ 2011-ին եվրագոտին կրճատելու է ցորենի ներկրումը, ինչպես նաև ցորենի պահանջարկի մեծացմամբ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, Թունիսը, Հորդանանը: Այնուամենայնիվ, տնտեսագետի տվյալներով, 2011-ին հացահատիկի ճգնաժամ չի սպասվում, քանի որ վերջին շրջանում ավելացել են սերմնացանի տարածքները:

Իր հերթին, Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հավելել է, որ գնաճի նման միտումները համապատասխան կառույցների` ՏՄՊՊՀ, գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից վերահսկողության և պատասխանատվության բացակայության արդյունք են: