Աբովյան քաղաքի հին թաղամասերը, հատկապես երկրորդ միկրոշրջանը, գրեթե ամեն օր հոսանքազրկվում են: Անջատումները կարող են տևել 2-3 րոպեյից մինչև 12-13 ժամ: Խնդիրն ավելի է սրվում հատկապես տոն օրերին, երբ ցանցի լարվածությունն ավելի է մեծանում: Արդեն երկու տարի է, այս թաղամասերի բնակիչները Ամանորը տոնում են խավարի մեջ: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացված հաղորդագրությունում:
«Ամռան շոգ ամիսներին ահռելի կորուստներ են կրում թաղամասերի խանութները, քանի որ անջատվում են սառնարաններն ու փչանում է կաթնամթերքը, տներում հաճախակի հոսանքազրկումներից շարքից դուրս են գալիս էլեկտրական թանկարժեք սարքավորումներ՝ սառնարանները, լվացքի մեքենաները, համակարգիչներն ու ջեռուցման կաթսաները: Ձմռան ամիսներին բնակիչների գազի ծախսն էլ ավելի է ավելանում, որովհետև համակարգերը սառում են: Ամեն օր մարդիկ մնում են վերելակների մեջ, իսկ հոսանք եղած ժամանակ էլ վախենում են մտնել վերելակ, քանի որ վստահ չեն, որ հերթական հոսանքազրկման պատճառով բանտարկված չեն մնա վերելակի մեջ: Այդ ժամերին, բնականաբար, հնարավոր չէ հեռախոսով կապվել համապատասխան հիմնարկություններ և որևէ բացատրություն ստանալ: Արդեն 20 տարի է բացատրությունը մեկն է՝ բաշխիչ կայանները թույլ են և չեն կարողանում անխափան ապահովել պահանջվող հզորությունը: Արդյո՞ք սա 20 տարվա խնդրին տրվող ընդունելի բացատրություն է:
Այս նամակով կոչ ենք անում քաղաքի ղեկավարներին և մեր կողմից ընտրված պատգամավորներին, իբրև բնակիչների ներկայացուցիչներ և նրանց շահերի պաշտպաններ, համապատասխան հայցով դիմել դատարան և պարտադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը համպատասխան ներդրումներ կատարել համակարգի հզորացման ու թարմացման համար և ապահովել բնակիչների որակյալ սպասարկումը: Հակառակ դեպքում դժգոհության ալիքը շատ ավելի լուրջ հետևանքների կարող է հանգեցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:





