AM
31 Հունվար 2011 - 11:08 AMT

ԴԱՀԿ ծառայությունն ամփոփել է 2010-ի արդյունքները

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության բաժինների վարույթում 2010 թվականին գտնվել է 99 722 գործ, տարվա ընթացքում ստացվել է 83 310 կատարողական թերթ 2009, թվականի 62 580-ի դիմաց:

Հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 11 միլիարդ 262 միլիոն դրամ: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին այդ ցուցանիշը կազմել է 5 միլիարդ 560 միլիոն դրամ: 2010 թվականին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվել է 18 393 կատարողական թերթ 12,6 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Ֆինանսական կազմակերպությունների օգտին բռնագանձվել է 5 միլիարդ 261 միլիոն դրամ: Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2 միլիարդ 65 միլիոն, իրավաբանական անձանց օգտին` 7 միլիարդ 194 միլիոն, իսկ ֆիզիկական անձանց օգտին` 1 միլիարդ 577 միլիոն դրամ:

Հաշվետու տարում հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով գույքի իրացման ծավալները ավելացել են 83,3 տոկոսով` կազմելով 1 միլիարդ 535 միլիոն դրամ: 2009 թվականի համեմատ 37 տոկոսով ավելացել է նաև աճուրդի մասնակիցների թիվը: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (www.ajurd.am) ներկայացված է եղել 1 միլիարդ 909 միլիոն դրամի գույք:

2010 թվականին ԴԱՀԿ ծառայությունում շարունակվել է բարելավվել կադրերի որակական կազմը, նրանց ընտրության, ատեստավորման եւ ուսուցման աշխատանքները: Շարունակվել են աշխատանքները ծառայությունում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման ուղղությամբ: Մասնավորապես, ավարտվել է պարտապանի գույքի և դրամական միջոցների հետախուզման, արգելադրման և բռնագանձման էլեկտրոնային համարգի ներդրման գործընթացը:

Ստեղծվել է ծառայության ժամանակակից վէբ-կայք (www.harkadir.am), որը բացի ծառայության գործունեությանը վերաբերվող ամբողջական տեղեկությունից, հնարավորություն է տալիս քաղաքացիներին ուղիղ կապ հաստատել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի հետ: Ծառայության բոլոր տարածքային մարմինները, այդ թվում և հեռավոր ու սահմանամերձ, ապահովվել են փակ և անվտանգ կապուղիներով: Ակտիվացել են արտաքին կապերը Արցախի, ԱՊՀ երկրների և համապատասխան միջազգաին կառույցների հետ, հաղորդում է ԴԱՀԿ ծառայության մամուլի ծառայությունը: