AM
1 Փետրվար 2011 - 11:14 AMT

«Յունիբանկի» շահույթը 2010 թ. կազմել է շուրջ 1.6 մլրդ դրամ

2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով: Հաշվետու տարում բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 75,5 մլրդ դրամ, ըստ որում աճը տարեսկզբի համեմատ կազմել է 11,4 տոկոս: «Յունիբանկ»-ի կապիտալն աճել է 35,8 տոկոսով և կազմել 15,8 մլրդ դրամ: Բանկի պարտավորությունները 31.12.2010թ.-ի դրությամբ կազմել են 99,6 մլրդ դրամ, ավանդների ծավալը` 82,3 մլրդ դրամ, որից 43,2 մլրդ դրամը ֆիզիկական անձանց ժամկետային ներդրումներն են: «Յունիբանկ»-ի շահույթը 2010թ.-ի արդյունքներով կազմել է մոտ 1,6 մլրդ դրամ:

2010թ.-ին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիբանկ»-ին շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ և NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը:

2011թ.-ին «Յունիբանկ»-ը կշարունակի մանրածախ գործունեության ակտիվ զարգացումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորման գործընթացը: Բանկը գործունեության հիմնական շեշտը կդնի հաճախորդների թվի շարունակական ավելացման վրա` ի հաշիվ բանկային գործիքների նորագույն տեխնոլոգիաների կիրառման: Բանկն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի մասնաճյուղային ցանցի ընդլայնման և սպասարկման որակի բարձրացման վրա: Միայն ընթացիկ տարում նախատեսված է բացել 8 նոր մասնաճյուղ` հասցնելով դրանց ընդհանուր քանակը 42-ի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: